Տեխնոլոգիան իրերի պատրաստման և գործածման գիտությունն ու արվեստն է։ Միայն մարդն է որ կարող է աշխարհի նյութերը վերափողել և դարձնել կյանքին անհրաժեշտ սարքեր,համակարգեր:Ավելի քան միլիոն տարի առաջ պատրաստված առաջին նմուշներից քարե գործիքներից, տեխնիկան հասել է մինչև արտադրությունում բազմապիսի օգտակար գործողություններ կատարող ժամանակակից բարդ մեքենաներ: Արտադրության զարգացման համար նաև կարևոր դեր են խաղում հումքի, նյութերի և շինվածքների ստացման, մշակման կամ վերամշակման եղանակների համախմբերը՝ տեխնոլոգիաները: Ավտոմեքենաները, ինքնաթիռները, համակարգիչները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առանձին նմուշներ են:
Երբեմն նոր տեխնոլոգիաների ստեղծման համար հիմք են դառնում գիտական հայտնագործությունները: Օրինակ՝ ռենտգենյան ճառագայթների հայտնագործումից հետո մարդիկ բացահայտեցին, որ ռենտգեն նկարահանումը կարելի է կիրառել անլուսաթափանց առարկաների միջով նկարներ ստանալու համար: Այլ դեպքերում, ընդհակառակը, գիտնականները հետազոտություններ են կատարում նոր տեխնոլոգիաներ ստեղծելու նպատակով: Գոյություն ունեն ամենատարբեր բնագավառների բազմապիսի տեխնոլոգիաներ. օրինակ՝ օգտագործելով նյութերի ստացման բնագավառում ստեղծված տեխնոլոգիաները՝ մարդիկ արտադրում են նոր տեսակի պլաստմասսաներ, գործվածքներ, մետաղներ և շինանյութեր:Ժամանակակից տեխնոլոգիաների նվաճումներից են 1960-ական թվականներին ստեղծված չիփերը, որոնք պարունակում են հազարավոր էլեկտրոնային տարրեր, թեև դրանք քորոցի գլխիկից էլ փոքր են: Չիփերն ավելի էժան ու երկարակյաց են սովորական էլեկտրական տպատախտակներից (պլատա) և սրանցից ավելի արագ են աշխատում: